Նախասկզբնական
էությունները սահմանման ենթակա չեն...
Պլատոն
Պլատոնի
այս միտքը դրդեց ինձ խոսելու ապոֆատիկ աստվածաբանության մասին: Չէ՞ որ մենք անվերջ
խոսում ենք Աստծո մասին և փորձում ենք գործի դնել նկարագրողական մեր ողջ կարողությունը:
Աստվածաբանական և փիլիսոփայական երկերի անթիվ հատորներ են գրվել մինչ օրս, որոնք նպատակ
ունեին սահմանելու Աստծո անսահման բնությունը, սակայն ետադարձ հայացքով դիտելով անցած
ուղին թվում է, թե էական ոչ մի արդյունքի չենք հասել: Մեր անհագ բանականությունը փորձում
է հստակ գծագրել Աստծուն և ենթարկեցնել նրան մեր ճանաչողությանը (ինչն անկասկած կարևոր
է հավատի գիտակցման և բանական հիմնավորման առումով), բայց այս փորձերն ի սկզբանե անհաջողության
են դատապարտված: Ահա թե ինչ է ասում այս առնչությամբ Աստվածաշունչը. "Ոչ մեկին տրված չէ պատմել նրա գործերը։ Ո՞վ կքննի նրա մեծագործությունները։
Ո՞վ կչափի նրա հզորության մեծությունը, և ո՞վ կհամարձակվի պատմել նրա ողորմության մասին։ Հնարավոր չէ ո՛չ նվազեցնել, ո՛չ ավելացնել և ո՛չ էլ հետազոտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։ Երբ մարդը համարի, թե ավարտել է, կզգա, թե նոր է սկսել, և երբ դադարի պատմելուց, ապշահար կմնա" (Սիրաքի իմաստություն
17:1-6)։
Ապոֆատիկ աստվածաբանությունը մի հայեցակարգ
է, որում նախընտրությունը տրվում է սահմանելուն թե ինչ կամ ինչպիսին չէ Աստված (որպեսզի
մենք մտովի պատկերացնենք Աստծո անդրանցական էությունը) կամ առհասարակ լռությամբ նրա
մասին խոսելուն (որովհետև հարցերին լռությամբ պատասխանելը նույնպես պատասխան կարող
է լինել): Պլատոնն իր հիշյալ մտքում բացահայտում է այն իրողությունը, որ բաղադրյալ
կամ ածանցյալ էությունները սահմանվում են ավելի պարզ բաղադրիչների կամ իրենց նախորդող
էությունների միջոցով, սակայն նախակսզբնական և տարրական էությունները սահմանելն անհնար
է: Աստված ինքն անդրանցել է մեր զգայարաններին հասու տարածությունը և ժամանակը, ուստի
դատել նրա մասին հիմնվելով զուտ մեր բանականության կարողությունների վրա՝ անօգուտ է:
