Showing posts with label Նիկոլայ Բերդյաև. Show all posts
Showing posts with label Նիկոլայ Բերդյաև. Show all posts

Friday, July 19, 2013

Նիկոլայ Բերդյաև - Փիլիսոփայի ողբերգությունը


Ամենազորեղ մարդը նա է, ով միայնակ է ընթանում իր կյանքի ճանապարհով...
ՀԵՆՐԻ ԻԲՍԵՆ

 Ստորև թարգմանաբար բերված են ռուս էկզիստենցիալիստ, քրիստոնեական և քաղաքական փիլիսոփայության ներկայացուցիչ Նիկոլայ Բերդյաևի (1874-1948թթ.) մտածումները հասարակության մեջ փիլիսոփայի կարգավիճակի, փիլիսոփայության, աստվածաբանության և գիտության միջև գոյություն ունեցող դիմակայության վերաբերյալ.

  Հիրավի, ողբերգական է փիլիսոփայի դրությունը: Նրան գրեթե ոչ ոք չի սիրում: Մշակույթի պատմության ողջ ընթացքում թշնամանք է նկատվում փիլիսոփայության հանդեպ, ըստ որում՝ ամեն կողմից: Փիլիսոփայությունը մշակույթի ամենաանպաշտպան հատվածն է: Մշտապես կասկածի տակ է առնվում ընդհանրապես փիլիսոփայության գոյության հնարավորությունը, և ամեն փիլիսոփա իր հերթին ստիպված է լինում սկսել իր աշխատանքը փիլիսոփայությունը պաշտպանելուց, նրա կարողություններն ու արդյունավետությունն ապացուցելուց: Փիլիսոփայությունը հարձակման է ենթարկվում վերից և վարից, նրա հանդեպ թշնամաբար են տրամադրված և՛ կրոնը, և՛ գիտությունը: Այն առհասարակ հասարակության աչքին հեղինակություն չի վայելում, որովհետև փիլիսոփան "սոցիալական պատվեր" կատարող մարդու տպավորություն բնավ չի թողնում: Օգյուստ Կոնտի դասակարգման մեջ փիլիսոփայությանը միջին, անցումային դիրք է տրված կրոնից գիտության փոխակերպման մեջ: Թեև "փիլիսոփա" կոչումը XVIII դարի ֆրանսիական լուսավորչական փիլիսոփայության դարաշրջանում բավական տարածված էր, սակայն այս շրջափուլը նսեմացրեց այդ կոչումը և չծնեց ոչ մի ականավոր փիլիսոփայի: